Monday 30 June 2008

Basketball against HIV/AIDS

A1+ reports on basketball tournament organised by Armenian Red Cross with the help of the Basketball Federation of Armenia to raise awareness of HIV/AIDS among teenagers and school children. The game was accompanied by educational campaign on HIV/AIDS related issues.

՚Խաղում ենք ընդդեմ ՁԻԱՀ-իՙ. ահա այսպես էր կոչվում Հայկական կարմիր խաչի երիտասարդական բաժնի կազմակերպված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղված բասկետբոլային մրցաշարը, որի եզրափակիչ փուլը այսօր կայացավ ՚Գրացիաՙ միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի սպորտային դահլիճում:

Կարմիր խաչի երիտասարդական բաժինը Գլոբալ ֆոնդի կողմից ֆինանսավորվող ՚ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագիրՙ դրամաշնորհի շրջանակներում կազմակերպում է լայնածավալ հանրային միջոցառումներ, որոնցից մեկը բասկետբոլային այս մրցաշարն է: Հայաստանի 8 մարզերում բարձր դասարանցիների շրջանում անցկացված մրցաշարի արդյունքում եզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել ՚Կոտայքՙ, ՚Շիրակՙ, ՚Սյունիքՙ, ՚Վայոց Ձորՙ թիմերը: Բացի բասկետբոլ խաղալուց դպրոցականների շրջանում կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ, որպեսզի պատանիները հասկանան, թե որքան մեծ վտանգ է ներկայացնում այս հիվանդությունը:

Դպրոցականները արդեն պատկերացում կազմել էին, թե ինչ է իրենից ներկայացնում ՁԻԱՀ-ը, սակայն մարզերից ժամանած պատանիներն ամոթխած հայացքներով ամաչում էին պատմել իրենց գիտելիքների մասին: Այնուամենայնիվ, նրանից մեկը, խնդրելով չնշել իր անունը, ասաց. ՚Մենք հասկացել ենք, որ ում հետ պատահի չի կարելի սեռական կապ ունենալ: Դա վտանգավոր է շատ, քանի որ այդ հիվանդությունը շատերի մոտ թաքնված է եւ ամիսներով այդ մարդը չի կարող իմանալ, որ ինքը վիրուսակիր էՙ: Կարմիր խաչի երիտասարդության բաժնի վարիչ Կատերինա Վարդանյանը ընդգծեց, որ կոնկրետ այս մրցաշարում հաղթողներ եւ պարտվողներ չկան, եւ նրան մասնակցողները արդեն իսկ հաջողության են հասել:

Այնուամենայնիվ, եզրափակիչ դուրս եկած թիմերի միջեւ թեժ պայքար ծավալվեց եւ ի վերջո հաղթեց ՚Սյունիքըՙ, որը եզրափակիչ խաղում 29:26 հաշվով առավելության հասավ ՚Շիրակիՙ նկատմամբ: Մրցաշարը կազմակերպելու հարցում իր աջակցությունն էր ցուցաբերել նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, որի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ասաց հետեւյալը. ՚Մենք կարեւորում ենք նման մրցաշարերի անցկացումը: Առողջ սերունդ ունենալու գրավականը մեր պատանիներին եւ երիտասարդներին տեղեկացված պահելն է, որ նրանք գիտակցեն, թե ինչպես պետք է պաշտպանվել, մարդության ամենամեծ չարիքներից մեկի համբավը ունեցող ՁԻԱՀ-ի դեմ: Ուրախալի է նաեւ, որ հանրապետության մի շարք մարզերում դպրոցականներից շատերը հնարավորություն են ստացել բասկետբոլում ցույց տալու իրենց կարողությունը, եւ նրանցից շատերը միգուցե կշարունակեն մարզաձեւով զբաղվելՙ:

No comments: